«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը հայտարարել է, որ պատրաստ է շարունակել հանդես գալ ակումբում։ Նրա գործող պայմանագիրն ավարտվում է 2023 թվականին։
«Եթե դա ինձնից է կախված, ես ցանկանում եմ երկարաձգել պայմանագիրս ու մնալ «Լիվերպուլում»: Բայց ակումբի ղեկավարությունն է, որ պետք է լուծի այս հարցը։ Իմ կողմից ոչ մի խոչընդոտ չկա, պարզապես պետք է պայմանավորվել նոր պայմանագրի շուրջ։ Ես սպասում եմ:
Որոշումը, որը ես կկայացնեմ, հիմնված չի լինի միայն փողի վրա։ Կան նաև այլ բաներ, ինչպիսիք են թիմի և մարզչի հավակնությունները, խաղացողները, ովքեր ցանկանում են պայմանագիր կնքել»,- ասել է Սալահը MBC Masr TV-ին տված հարցազրույցում:
Իսկ Sport.es-ին տված հարցազրույցում եգիպտոսցի ֆուտբոլիստը խոսել է «Բարսելոնայի» կողմից հետաքրքրության մասին․ «Ես կարդացել եմ, որ Չավին ցանկանում է ինձ տեսնել «Բարսելոնայում»: Ուրախ եմ, որ ինձնով հետաքրքրված է այնպիսի թիմ, ինչպիսին «Բարսելոնան» է։ Բայց հիմա «Լիվերպուլում» ինձ ամեն ինչ դուր է գալիս։ Տեսնենք, թե ինչ կլինի ապագայում»,-ասել է Սալահը։
Ընթացիկ մրցաշրջանում Սալահը Պրեմիեր լիգայում անցկացրել է 15 հանդիպում՝ դառնալով 13 գոլի հեղինակ։