Հունահռոմեկան ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Էդուարդ Սահակյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է նաև Արսեն Ջուլֆալակյան-Կարապետ Չալյան մրցակցությանը: Հիշեցնենք՝ 77 կգ քաշային կարգում Հայաստանն օլիմպիական ուղեգիր է նվաճել, բայց դեռևս հայտնի չէ՝ այս մարզիկներից ով հանդես կգա Տոկիոյում, իսկ Իտալիայի մայրաքաղաքում կայանալիք Եվրոպայի առաջնությանը կմասնակցի Կարապետ Չալյանը.
-77 կգ քաշային կարգի հայտնի մրցակցության մասին ի՞նչ կարող եք ասել:
-Դեռևս ոչինչ չեմ կարող ասել: Հիմա պետք է մտածենք Եվրոպայի առաջնության մասին: Դրանից հետո նոր կմտածենք օլիմպիական վարկանիշների ու հետագա քայլերի մասին:
-Օլիմպիական խաղերի մասնակցության առումով Եվրոպայի առաջնությունը որոշի՞չ է լինելու:
-Նախօրոք ոչինչ չենք կարող ասել:
-Արսեն Ջուլֆալակյանի հետ ի՞նչ պայմանավորվածություն կա:
-Հիմա չեմ կարող այդ հարցին պատասխանել, ոչ էլ ուզում եմ այդ մասին հիմա խոսել: Ժամանակը կգա, ամեն ինչ կիմանանք՝ ես էլ, դուք էլ:
-Հետաքրքիր է՝ Արսեն Ջուլֆալակյանն ինչո՞ւ չի մասնակցում հավաքներին:
-Դա ի՞նձ եք հարցնում: Կարծում եմ՝ նրան պետք է հարցնեք: Ես չեմ կարող այդ հարցին պատասխանել: