ՊՍԺ-ի պաշտպան Սերխիո Ռամոսը մոտ է խաղադաշտ վերադառնալուն: Այսօր՝ հոկտեմբերի 26-ին, իսպանացին վերադարձել է ընդհանուր խմբի հետ մարզումներին, հայտնում է AS-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, Ռամոսը ՊՍԺ-ի կազմում իր նորամուտը կարող է նշել ֆրանսիական Լիգա 1-ի 12-րդ տուրի՝ «Լիլլի» դեմ խաղում: Հանդիպումը կկայանա ուրբաթ՝ հոկտեմբերի 29-ին:
Իսպանացին ցանկանում է հենց այդ խաղում դուրս գալ խաղադաշտ փարիզյան թիմի կազմում,բայց չի բացառվում, որ ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն Ռամոսին կպահի Չեմպիոնների լիգայի՝ «Լայպցիգի» դեմ հաջորդ շաբաթ կայանալիք խաղին:
Հիշեցնենք՝ Ռամոսը 2021 թվականի հուլիսին է դարձել ՊՍԺ-ի ֆուտբոլիստ: Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2023 թվականը: Ֆուտբոլիստը նոր թիմ է տեղափոխվել ազատ խաղացողի կարգավիճակում: Ռամոսը դեռ ոչ մի հանդիպում չի անցկացրել ՊՍԺ-ի կազմում՝ վնասվածքի պատճառով: