Միջազգային օլիմպիական ակադեմիան 18-ամսյա վերանորոգումից հետո այցելուների առջև կրկին բացել է իր դռները: Ներկա են եղել ՄՕԿ-ի ղեկավար Թոմաս Բախը և Հունաստանի նախագահ Կատերինա Սաքելարոպուլուն, գրում է ՀԱՕԿ-ը:
Արդիականացման աշխատանքների համար ՄՕԿ-ը ներդրել է 12.5 միլիոն եվրո:
«Վերանորոգված ակադեմիայում օլիմպիական արժեքները կփոխանցվեն նոր սերնդի մարզիկներին, ուսանողներին, ուսուցիչներին, սպորտով ակտիվորեն զբաղվող մարդկանց»,-ասել է Թոմաս Բախը:
Հունաստանի ԱՕԿ-ի նախագահ Սպիրոս Կապրալոսը ընդգծել է, որ միջազգային օլիմպիական ակադեմիայի 60-ամյակը նշանավորվում է վերանորոգման աշխատանքներով, որն իրականացվել է ՄՕԿ-ի ֆինանսական աջակցությամբ, առանց որի անհնար կլիներ կատարել նախագիծը:
Վերանորոգման աշխատանքները սկսվել են 2020 թ-ի մարտին: Հիմնանորոգվել են հյուրանոցային համարները, խորհրդակցությունների սենյակները, ճաշարան-ռեստորանը, գրադարանները, մարզասրահները և այլն:
Արդիականացվել են համալիրի տեխնոլոգիաները, ցանցերը, արտաքին լուսավորությունը, ջրային, կոյուղու համակարգերը, բարելավվել են սայլակավորների տեղաշարժման պայմանները:
Միջազգային օլիմպիական ակադեմիան ստեղծվել է 1961 թ-ին՝ Հին Օլիմպիայում: Այն իրականացնում է յուրահատուկ օլիմպիական կրթական ծրագրեր: