Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն, սուսերամարտիկ Յանա Եգորյանը կոշտ է արձագանքել Մոսկվայի մարզի մարզական ուսումնական կենտրոնից իրեն աշխատանքից ազատելուն:
Եգորյանն իր մեկնաբանությունը տեղադրել է Instagram-ում: Եգորյանը մանկուց ապրել է մերձմոսկովյան Խիմկիում և ներկայացնում է Մոսկվայի մարզը համառուսաստանյան մրցումներում:
«Մոսկվայի մարզն ինձ բացարձակապես ոչինչ չի տվել: Ես երբեք նրանցից ոչինչ չեմ պահանջել: Եվ հիմա նրանք պարզապես ինձ դուրս շպրտեցին: Նրանք ինձ, ինչպես անպետք շանը, դուրս շպրտեցին փողոց և կարծում են, որ ես կլռեմ:
Երկրորդ ամիսն է՝ ես աշխատավարձ չեմ ստացել, բայց ես դեռ մարզվում եմ՝ ավելի առաջ գնալու և նոր մեդալներ նվաճելու համար: Բայց, ցավոք, Մոսկվայի մարզին ես պետք չեմ», — գրել է Եգորյանը:
Մարզիկը հավելել է, որ աշխատանքից ազատվելու պատճառներից մեկը, ըստ կենտրոնի տնօրեն Դենիս Զուևի, Ռուսաստանի առաջնությանը բաց թողնելն էր, որին Եգորյանը չի մասնակցել երեխայի ծնվելու պատճառով: