«Արսենալի» նախկին հարձակվող Թիերի Անրին խոսել է թիմի ելույթների մասին Միկել Արտետայի գլխավորությամբ:
«Չգիտեմ, արդյո՞ք թիմը շարժվում է ճիշտ ուղղությամբ: Ես դիտել եմ «Բրայթոնի» հետ խաղը: Դիտե՞լ եք: Մինչ այդ ես տեսա, թե ինչպես մենք հաղթեցինք «Նորվիչին», «Բարնլիին» և տանը հաղթեցինք «Տոտենհեմին». մենք միշտ հաղթում ենք «Տոտենհեմին» տանը:
Ես շատ ուրախ էի, երբ հաղթեցինք «Տոտենհեմին», բայց այնուամենայնիվ սպասում էի, որ հյուրընկալվելիս լավ խաղ կցուցադրենք մրցակցի հետ, որը հիանալի է խաղում փոխանցումներով: Փոխարենը ես տեսա, թե ինչպես է թիմը տառապում: Ես սպասում էի «Բրայթոնի» խաղին` տեսնելու, թե արդյո՞ք մենք տիրելու ենք գնդակին կամ պահելու ենք այն: Սա վտանգավոր մրցակից է:
Երբ «Արսենալը» պարտվում էր իմ ժամանակ, և նույնիսկ իմ հեռանալուց հետո, բոլորը ասում էին, որ թիմը «B» ծրագիր չունի, որ խաղացողները պարզապես փոխանցումներ են կատարում միմյանց: Բայց ես նույնիսկ դա չեմ տեսնում ներկայիս «Արսենալում»,- մեջբերում է Անրիին Mirror-ը: