«Բրայթոնի» ֆուտբոլիստ Իվ Բիսուման իրեն անվանել է ԱՊԼ լավագույն կիսապաշտպան։ Նման հայտարարություն նա արել է ԱՊԼ 5-րդ տուրի՝ «Լեսթերի» դեմ խաղից առաջ։ Հանդիպումը կկայանա սեպտեմբերի 19-ին։
BBC-ի հետ հարցազրույցի ժամանակ «Բրայթոնի» նախկին խաղացող Գլեն Մյուրեյը, որը հիմա որպես փորձագետ է աշխատում հեռուստատեսությունում, Բիսումային հարցրել է, թե նա ում է համարում ԱՊԼ լավագույն կիսապաշտպան՝ կատակելով, որ Իվը չի կարող իր անունը տալ։
«Չեմ ուզում գլուխգովան թվալ, բայց ես այդպես եմ կարծում։ Եթե իմ կարծիքն եք ուզում, ապա լավագույնը ես եմ։ Ես աշխատում եմ լավագույնը լինելու համար։ Դրա համար էլ չեմ կարող ուրիշի անունը տալ, եթե խոսում ենք կիսապաշտպանների մասին։
Այո, ԱՊԼ-ում նույնիսկ չափից շատ են լավ կիսապաշտպանները, բայց ինձ համար ես լավագույնն եմ, դա ինձ վստահություն ու էներգիա է տալիս։ Ուզում եմ կենտրոնանալ ֆուտբոլի վրա, խաղալ ամեն շաբաթ, օգնել թիմիս»,- ասել է Բիսուման։