Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ փուլի՝ «Ալաշկերտ»-«Ռեյնջերս» պատասխան խաղից առաջ տեղի ունեցած մամուլի ասուլիսին մեր թիմի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը պատասխանեց լրագրողների հարցերին։
-ՉԼ առաջին փուլի խաղից առաջ մարզիչը նշեց, որ պիտի պոզիտիվ տրամադրվենք, այդպես էինք տրամադրվել նախորդ բոլոր խաղերին, բայց հիմա դա բավական չէ, էլ ի՞նչ է պետք «Ռեյնջերսի» դեմ խաղից առաջ։
-Միանշանակ պիտի ճիշտ խաղանք։ Ճիշտ տակտիկա ընտրենք, ֆուտբոլիստների ճիշտ ընտրություն ու առավելագույն նվիրվածություն դրսևորենք։
-Կարծիքներ են հնչում, որ առաջին խաղում խնդիրը ոչ թե խաղի որակի, այլ հոգեբանության մեջ էր՝ հեղինակության սինդրոմի։
-Այդպիսի սինդրոմի մասին խոսելն ավելորդ է։ Մենք դուրս էինք եկել մաքսիմալ պայքարելու, ինչն էլ արեցինք։
-Մրցակցի կազմում մի շարք ֆուտբոլիստների չժամանելն ինչ-որ բան փոխե՞լ է մեր թիմի ծրագրերում։
-Հարցը նրանում է, որ այդ ակումբը այնպիսի ռոտացիայի հնարավորություն ունի․․․ Այնտեղ հավասարազոր փոխարինողներ կան։ Մրցակիցը կազմի ընտրության հարցում լուրջ խնդիրներ չի ունենա։ Մենք մոտավորապես գիտենք նրանք ինչ կազմով են դաշտ դուրս գալու, ինչպես են խաղալու
-Առաջին խաղում «Ալաշկերտի» գործողություններում սրությունը պակասում էր, սեփական հարկի տակ՝ երկրպագուների առջև մեր թիմը կարո՞ղ է վաղը արագ գոլ խփել ու անակնկալի բերել մրցակցին։
-Վաղը կտեսնենք։