Գլազգոյի «Ռեյնջերսի» 27-ամյա կիսապաշտպան Ջոն Լանդսթրամը Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ փուլի՝ Երևանի «Ալաշկերտի» հետ կայանալիք առաջին խաղից առաջ կիսվել է սպասելիքներով․
«Սա նորից Եվրոպական ակումբային ֆուտբոլի խոշոր փուլ է։ Նրանք գալիս են Ibrox ու վստահ եմ՝ կպայքարեն մինչև վերջ։ Ցանկացածը, ով գալիս է Ibrox , գիտի, թե որքան մեծ ակումբ և մարզադաշտ ունենք և թե ինչ է նշանակում այստեղ խաղալը»,- ասել է «Շեֆիլդ Յունայթեդի» երբեմնի աստղն ու խոսել նաև իր՝ եվրոպական առաջին մրցաշարին մասնակցելու զգացողություններից․
«Հիասթափված ենք, որ չկարողացանք հաղթահարել «Մալմյոյի» արգելքը Չեմպիոնների լիգայում, հատկապես ես, քանի որ իմ առաջին եվրոպական մրցաշարին էի մասնակցում։ Շատ էի ցանկանում օգնել թիմին հայտնվել այնտեղ, որտեղ՝ նա արժանի է։ Բայց ունենք այն, ինչ ունենք։ Հիմա մենք այստեղ ենք, ու պետք է ամեն ինչ անենք առաջ գնալու համար։
Անկասկած, ցանկացած ֆուտբոլիստի համար երազանք է Չեմպիոնների լիգայում խաղալը , բայց հիմա մենք Եվրոպա լիգայում ենք, որը ևս խոշոր մրցաշար է»,- ասել է Լանդսթրամը։
«Ռեյնջերս»- «Ալաշկերտ » խաղը կկայանա այսօր՝ օգոստոսի 19-ին և կցուցադրվի Առաջին ալիքի եթերում։ Խաղի մեկնարկը 23։00-ին է։