Եվրոպա Լիգայի որակավորման 3-րդ փուլի պատասխան խաղի շրջանակում Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» վաղը կընդունի ղազախական «Կայրաթին»:
Ալմաթիում կայացած առաջին խաղն ավարտվել է ոչ-ոքի:
«Կայրաթի» գլխավոր մարզիչ Կիրիլ Կեկերը խաղից առաջ խոսեց թիմերի հնարավորությունների, թիմի հայտացուցակի ու սպասելիքների մասին.
«Ի տարբերություն Ալմաթիում կայացած խաղի, վաղը կազմում փոփոխություններ կլինեն, քանի որ մի քանի առաջատար «վերադարձել» է: Իհարկե, մենք այստեղ ենք եկել միայն հաղթանակի համար ու պարտությունը մեզ համար ձախողում կլինի: Բրազիլացի Ժոաոն կա հայտացուցակում, իսկ Բանյակը, ցավոք, դեռ չի ապաքինվել վնասվածքից»,-ասաց Կեկերը:
Հիշեցնենք, որ առաջին խաղն ավարտվել է 0-0 հաշվով, իսկ մրցակցի հարկի տակ խփած գոլի առավելություն տվող կանոնն այլևս չի գործում:
«Կայրաթի» արգելքը հաղթահարելու դեպքում «Ալաշկերտը» կմրցի Սթիվեն Ջերարդի «Ռեյնջերսի» հետ: