Վերսկսվել է Ղազախստանի առաջնությունը 3-րդ տուրի շրջանակում կայացած հանդիպումներով:
«Կայրաթը» սեփական հարկի տակ ընդունել է «Ժետիսուին» ու 3-0 հաշվով հաղթանակ տարել: Տանտերերի կազմում առաջին գոլը հեղինակել է Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Կամո Հովհաննիսյանը՝ բացելով իր գոլերի հաշիվը նոր թիմի կազմում: Ի դեպ, Հովհաննիսյանը գրավել է իր նախկին թիմի դարպասը:
Հայ ֆուբոլիստը «Կայրաթի» մեկնարկային կազմում է դուրս եկել խաղադաշտ, սակայն փոխարինվել է հանդիպման 30-րդ րոպեին:
Այս հաղթանակի շնորհիվ «Կայրաթը» իր միավորների թիվը հասցրել է 9-ի և բարձրացել մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը: Երկրորդ տեղ նահանջած «Աստանան» 7 միավոր ունի իր ակտիվում, բայց մեկ խաղ պակաս է անցկացրել:
Տուրի մյուս խաղում «Տոբոլը» սեփական հարկի տակ ընդունել է «Կասպիյ Ակտաուին» և 2 անպատասխան գնդակ է ուղարկել վերջինիս դարպասը:
Հատկանշական է, որ երկու գոլերն էլ «Տոբոլի» ֆուտբոլիստները խփել են հանդիպման վերջնամասում՝ 84-րդ և 89-րդ րոպեներին:
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Պետրոս Ավետիսյանը «Տոբոլի» մեկարկային կազմում է դուրս եկել խաղադաշտ, սակայն փոխարինվել է 85-րդ րոպեին, իսկ Արման Հովհաննիսյանը եղել իր թիմի պահեստայինների թվում և 85-րդ րոպեին դուրս է եկել դաշտ: Ի դեպ, երկրորդ գոլի դրվագում իր դերակատարությունն է ունեցել նաև Արման Հովհաննիսյանը:
«Տոբոլն» այս հաղթանակի շնորհիվ իր միավորների թիվը հասցրել է 7-ի և շարունակում է Ղազախստանի առաջնության մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը զբաղեցնել: