Հայաստանի հունահռոմեական ոճի հավաքականի մարզիչ Գևորգ Ալեքսանյանը, ամփոփելով Տոկիո-2020-ում մեր ըմբիշների ելույթները, պատասխանել է նաև հարցին, թե Չալյանն ու Ալեքսանյանն արդյոք կշարունակեն կարիերան, թե՝ ոչ։
«Կար երազանք՝ դառնալ Օլիմպիական կրկնակի չեմպիոն: Չկայացավ երազանքը, բայց դրան հասնելու համար չեմ «քամելու» որդուս: Կա նաև անձնական կյանք:
Երկուսի առողջական վիճակն էլ իդեալական չէ: 5 տարի բոլորն էլ արյուն ու քրտինք են «թափել»: Պետք չէր «գողանալ» մեդալները: Կորոշեն իրենք՝ շարունակել, թե ոչ»,-ասաց Ալեքսանյանը:
Վերջում Ալեքսանյանը նաև հայտնեց, որ իր մրցավարական գրքույկը որոշել է վերադարձնել մրցավարական միջազգային ֆեդերացիային: Եթե ոչ մի խանգարող հանգամանք չլինի, Ալեքսանյանը կվերադարձնի գրքույկը:
Տոկիո-2020-ի ընթացքում հունահռոմեական ոճի 4 հայ ըմբիշից միակ մեդալը նվաճեց Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը: Մեդալին մոտ էր նաև Կարապետ Չալյանը, սակայն պարտվեց բրոնզե մեդալի համար պայքարում: Կարեն Ասլանյանն ու Արմեն Մելիքյանե պայքարը լքեցին 1/4 եզրափակչից: