«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մամուլի ասուլիսի ժամանակ մեկնաբանել է «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի հեռանալը կատալոնական ակումբից:
«Դա անակնկալ էր բոլորի համար, ներառյալ իմ համար: Միայն «Բարսելոնայի» նախագահն է հասկանում, թե ինչու դա տեղի ունեցավ, բայց ես չեմ խոսել նրա կամ ֆուտբոլիստի հետ, ուստի չգիտեմ, թե ինչ է տեղի ունեցել այնտեղ:
Հավանաբար, երբ այդքան գումար ես կորցնում, ավելի պարզ է դառնում ամե ինչ, և ստիպված ես նման որոշումներ կայացնել», – Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում անգլիական ակումբի մամուլի ծառայությունը:
Մեսսին իր պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում խաղացել է միայն կատալոնական ակումբի կազմում: 2004 թվականից ի վեր 34-ամյա ֆուտբոլիստը 778 հանդիպում է անցկացրել «Բարսելոնայի» կազմում՝ դառնալով 672 գոլի և 305 գոլային փոխանցման հեղինակ: Մեսսին Իսպանիայի 10-ակի չեմպիոն է և Չեմպիոնների լիգայի քառակի հաղթող: Ընդհանուր առմամբ, նա կատալոնացիների հետ նվաճել է 35 տիտղոս: