Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան մեկնաբանել է ԱՊԼ-ի 24-րդ տուրի` «Չելսիի» դեմ խաղի արդյունքը: Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի`2:2 հաշվով:
«Իմ գլխավոր պահանջը ֆուտբոլիստներից հետևյալն է` երբեք չհանձնվել, ու այսօր նրանք դա կատարեցին: Ես տեսա թիմային ոգի, ճիշտ արձագանք նրան, ինչ կատարվում էր դաշտում: Հպարտ եմ, թե իմ թիմն ինչպես արձագանքեց Դավիդ Լուիսի հեռացմանը. եթե թիմակիցը սխալ է թույլ տալիս, պետք է նրա աշխատանքը քո վրա վերցնես»,- Արտետայի խոսքերն է փոխանցում BBC-ն:
«Արսենալի» բրազիլացի պաշտպան Դավիդ Լուիսը հեռացվել է հանդիպման 26-րդ րոպեին` Թեմի Աբրահամի նկատմամբ կոպիտ խախտման համար: Նրա խախտման համար նաև 11-մետրանոց է նշանակվել, որն անվրեպ է իրացրել Սեզար Ասպիլիկուետան:
24-րդ տուրից հետո «Չելսին» ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականն է զբաղեցնում, իսկ «Արսենալը» 10-րդն է: