Տոկիոյի Օլիմպիական խաղերի տղամարդկանց ֆուտբոլային մրցաշարում Բրազիլիան 4-2 հաշվով առավելության հասավ Գերմանիայի նկատմամբ:
30-րդ րոպեին բրազիլացիներին հաջողվեց երեք անգամ գրավել մրցակցի դարպասը. հեթ-տրիկի հեղինակ դարձավ Ռիշարլիսոնը: Առաջին խաղակեսի ավարտին Մատեուշ Կունյան չկարողացավ իրացնել 11մ տուգանային հարվածը:
57-րդ րոպեին Նադիմ Ամիրին դարձավ գերմանացիների առաջին գոլի հեղինակը: Մի քանի րոպե անց Մաքսիմիլիան Առնոլդը հեռացվեց խաղադաշտից՝ ստանալով երկրորդ դեղին քարտը: Խաղի ավարտին Ռագնար Ահեի գոլի շնորհիվ գերմանացիները հաշվի տարբերությունը հասցրեցին նվազագույնի: Արդեն ավելացված րոպեներին Պաուլինյոն ձևակերպեց վերջնական հաշիվը ցուցատախտակի վրա:
Օլիմպիական մրցաշարի խմբային փուլի հաջորդ խաղում Բրազիլիան հուլիսի 25-ին կխաղա Կոտ դ’Իվուարի հետ, իսկ Գերմանիայի հավաքկանը նույն օրը կհանդիպի Սաուդյան Արաբիայի հետ: