Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը երեկ՝ սեպտեմբերի 3-ին, ընդունել է Հայաստանի աթլետիկայի հավաքականի առաջատար եռացատկորդ, կապանցի Լևոն Աղասյանին, ով վերջերս Տոկիոյում մասնակցել է 32–րդ ամառային Օլիմպիական խաղերին։ Այս մասին տեղեկանում ենք Կապանի համայնքապետարանի ֆեյսբուքյան պաշտոնական էջից։
Աղասյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, խոսել իր մրցելույթից, սպասելիքներից, արդյունքներից և Օլիմպիական խաղերից ստացած տպավորություններից:
Համայնքի ղեկավարն իր հերթին շնորհավորել է մարզիկին Օլիմպիական խաղերին մասնակցելու համար և հպարտությամբ շեշտել, որ արդեն իսկ մեծ հաջողություն է երիտասարդ տարիքում Օլիպիական խաղերի ուղեգիր նվաճելը և Կապանը ներկայացնող եզակի մարզիկը լինելը։ Միաժամանակ ընդգծել է, որ երիտասարդության տարիները լավագույն ժամանակահատվածն են բարձր նվաճումների հասնելու համար և պետք է այդ տարիները արդյունավետ օգտագործել։Նա նաև հույս է հայտնել, որ Աղասյանը քրտնաջան մարզումների արդյունքում կփորձի իր ծննդավայրի պատիվը բարձր պահել միջազգային այլ հեղինակավոր մրցաշարերում։
Հանդիպման ավարտին համայնքի ղեկավարը մեկ անգամ ևս վստահեցրել է, որ իր ուժերի ներածին չափով պատրաստակամ է ըստ ամենայնի աջակցելու նրան՝ նորանոր հաջողություններ ապահովելու հաստատակամությամբ։
Գևորգ Փարսյանի կողմից Լևոն Աղասյանը արժանացել է թանկարժեք նվերի, ու նաև նրա որոշմամբ՝ Աղասյանին համայնքի բյուջեից տրամադրվող ամսական սպորտային նպաստը 100 հազար ՀՀ դրամից դարձել է 200 հազար ՀՀ դրամ։