2021-22 մրցաշրջանում «Նորավանքը» հանդես է գալու VBET Հայաստանի Պրեմիեր լիգայում։ Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը։
«Շնորհակալություն ենք հայտնում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեին այս հրաշալի հնարավորությունը մեզ ընձեռելու համար: Չնայած մրցաշրջանի մեկնարկին կարճ ժամանակ է մնացել, այնուամենայնիվ, մենք մեր ուժերի ներածին չափով կստեղծենք մի թիմ, որը կպայքարի մինչև վերջ:
Բացի այդ, ելնելով ներկա իրավիճակից, ակումբի ղեկավարությունը զրուցել է մարզչական շտաբի և ֆուտբոլիստների հետ հասկանալու համար, արդյո՞ք թիմը նախընտրում է տեղափոխվել Եղեգնաձոր մինչ մրցաշրջանի մեկնարկը, թե տեղափոխվել ձմռանը:
Ֆուտբոլիստների կարիքները միշտ առաջնային են ակումբի համար։ Այդ իսկ պատճառով որոշվել է մրցաշրջանը սկսել Չարենցավանում և ձմռանը տեղափոխվել Եղեգնաձոր (մեր տուն)»,- ասվում է ակումբի հայտարարության մեջ:
Ակումբը նաև շնորհավորել է ԲԿՄԱ-ին VBET ՀՊԼ դուրս գալու համար ու շնորհակալություն հայտնել իր աջակիցներին։