Ռուսաստանի սիրողական լիգայի խաղերից մեկի ժամանակ տեղի ունեցած ողբերգական միջադեպի ականատեսներից մեկը՝ Անդրեյ Բելյաևը, որն այդ պահին եղել է տրիբունայում, մանրամասներ է պատմել ֆուտբոլիստի մահվան մասին։ Նրա անունը եղել է Մաքսիմ։
«Մաքսիմը գիտակցությունը կորցրեց խաղի մեկնարկից ընդամենը հինգ րոպե անց։ Առանձնապես շոգ չէր։ Ես տրիբունայում էի և տեսա, թե ամեն ինչ ինչպես կատարվեց․ Մաքսիմը վազում էր խաղադաշտում, կանգնեց ու կտրուկ վայր ընկավ՝ կորցրեց գիտակցությունը։ Մրցավարը դադարեցրեց խաղը, և ֆուտբոլիստները փորձեցին առաջին օգնություն ցուցաբերել նրան։
Խաղին բժիշկներ չկային, ստիպված եղան շտապ օգնություն կանչել։ 30 րոպե անց ժամանեց շտապ օգնության բրիգադը, նրանք Մաքսիմին ադրենալին ներարկեցին, բայց դա բավարար չեղավ։ Ավելի ուշ եկավ նաև վերակենդանացման բրիգադը և փորձեց օգնել»,- Բելյաևի խոսքերն է փոխանցում Sport24-ը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ սիրողական լիգայի խաղում ֆուտբոլիստներից մեկի հետ տեղի էր ունեցել այն, ինչ Դանիայի հավաքականի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենի հետ։ Ռուս ֆուտբոլիստին, սակայն, փրկել չէր հաջողվել։
























































