Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը, որի պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է այս ամսվա վերջին, առաջվա պես կարող է մնալ թիմում։
AS-ը հայտնում է, որ 35-ամյա ֆուտբոլիստը հանդիպում է ունեցել ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ, որի արդյունքում «սերուցքայինները» պատրաստակամություն են հայտնել ևս մեկ առաջարկ անել պայմանագրի երկարաձգման շուրջ։
Նշվում է, որ «Ռեալի»՝ Ռամոսի հետ պայմանագիրը երկարաձգելու պատրաստակամությունը նախևառաջ պայմանավորված է նրանով,որ թիմի մեկ այլ պաշտպան Ռաֆայել Վարանը մտադիր չէ երկարաձգել իր պայմանագիրը, որը նախատեսված է մինչև 2020 թվականի ամառը, և կարող է վաճառվել արդեն այս ամառ։
Հիշեցնենք՝ «Ռեալը» Ռամոսին առաջարկում էր մեկ տարով երկարաձգել պայմանագիրը, իսկ ֆուտբոլիստը ցանկանում էր երկու տարվա պայմանագիր կնքել։ Սերխիոն նաև չէր ցանկանում համաձայնել աշխատավարձի նվազեցման։ Ավելի ուշ հաղորդվեց, որ Ռամոսը մտափոխվել է և համաձայն է պայմանագիրը երկարաձգել ակումբի առաջարկած պայմաններով, բայց Պերեսը, դժգոհ լինելով նրա պահվածքից, շարունակել է հրաժեշտի արարողության կազմակերպումը։