Պորտուգալացի դարպասապահ Ռուի Պատրիսիուն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կհամալրի իտալական «Ռոմայի» կազմը։ Այս մասին հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան Թվիթերի իր էջում։
Աղբյուրի փոխանցմամբ, հռոմեացիները «Վուլվերհեմփթոնին» 7 մլն եվրո են առաջարկել դարպասապահի համար։ Անգլիական ակումբը 10 մլն եվրո է պահանջում, սակայն «Ռոման» մտադիր է գործարքն ավարտին հասցնելով բոնուսների միջոցով։ Հաղորդվում է, որ 33-ամյա դարպասապահի համար արդեն 3 տարվա պայմանագիր է պատրաստվել։
Պատրիսիուն 2018 թվականից է պաշտպանում «Վուլվերհեմփթոնի» գույները։ Նա անգլիական թիմ է տեղափոխվել Լիսաբոնի «Սպորտինգից», որտեղ հանդես էր գալիս կարիերայի սկզբից։ Անգլիայի ավարտված առաջնությունում դարպասապահը 37 հանդիպման է մասնակցել, որոնցում 51 գոլ է բաց թողել։
Պատրիսիուի պայմանագիրն անգլիական ակումբի հետ ուժի մեջ է 2022 թվականի ամառը։ Transfermarkt-ը ֆուտբոլիստին 10 մլն եվրո է գնահատում։