«Յուվենտուսի» և Լեհաստանի հավաքականի դարպասապահ Վոյցեխ Շչեսնին մեկնաբանել է իտալական ԶԼՄ-ներում տարածված այն տեղեկությունները, թե ինքը շուտով հեռանալու է թուրինյան ակումբից.
«Գիտեմ, թե վերջին օրերին ԶԼՄ-ներում ինչ է կատարվել, այդ իսկ պատճառով կփորձեմ մեկընդմիշտ պատասխանել այդ հարցին: Ես չեմ խոսել ո՛չ «Յուվենտուսի», ո՛չ որևէ այլ ակումբի հետ, քանի որ այստեղ քննարկելու ոչինչ չկա: Ես ցանկանում եմ մնալ Թուրինում: Սակայն ես պատասխանատվություն չեմ կրում «Յուվենտուսի» տրանսֆերային քաղաքականության համար»,- Շչեսնիի խոսքերն է փոխանցում Goal.com-ը:
Շչեսնին 2017 թվականից է հանդես գալիս «Յուվենտուսում»: Ընթացիկ մրցաշրջանում լեհ դարպասապահը Ա Սերիայի 30 հանդիպման է մասնակցել, որոնցում 32 գոլ է բաց թողել: «Յուվենտուսի» կազմում Շչեսնին 3 անգամ դարձել է Իտալիայի չեմպիոն, երկու անգամ՝ երկրի գավաթակիր և սուպերգավաթակիր:
Նրա պայմանագրի ժամկետը թուրինյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը: