«Մանչեսթեր Սիթիի» և Անգլիայի հավաքականի հարձակվող Ռահիմ Սթերլինգն արդեն այս ամառ կարող է նոր, երկարաժամկետ պայմանագիր կնքել անգլիական ակումբի հետ։
Daily Mail-ի տեղեկություններով, չնայած նրան, որ Սթերլինգն ընթացիկ մրցաշրջանում այնքան էլ հաճախ չէր ընդգրկվում թիմի մեկնարկային կազմում, նա ուրախ է նոր պայմանագրի հետ կապված ակտիվությունից։ Հարձակվողը մտադիր է սպասել մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը, որպեսզի բանակցություններ սկսի ակումբի հետ՝ հույս ունենալով, որ ինքը դեռ երկար տարիներ կմնա «Էթիհադում»։
Սթերլինգը 2015 թվականին է դարձել «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստ, ուր տեղափոխվել էր «Լիվերպուլից» 63,7 մլն եվրոյի դիմաց։ Այս ընթացքում 26-ամյա ֆուտբոլիստը դարձել է Անգլիայի եռակի չեմպիոն։ Ընթացիկ մրցաշրջանում Ռահիմն ԱՊԼ-ի 30 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 10 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։
Նրա գործող պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է դեռ երկու մրցաշրջան՝ մինչև 2023 թվականի հունիսի 30-ը։