«Յուվենտուսի» նախկին գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին հրաժարվել է գլխավորել «Տոտենհեմը»։
Իսպանական AS պարբերականի փոխանցմամբ, 53-ամյա իտալացի մասնագետն իր ներկայացուցիչներին խնդրել է բանակցություններ չվարել որևէ ակումբի հետ, բացի՝ «Ռեալից»։ Ալեգրին մտադիր է սպասել Զինեդին Զիդանի՝ մադրիդյան ակումբի գլխավոր մարզչի պաշտոնից հնարավոր հեռանալու հետ կապված իրավիճակի լուծմանը։ Հենց այս պատճառով է Ալեգրին մերժել «Տոտենհեմին»։
2018 թվականին, երբ Զիդանը հեռացավ «Ռեալից»՝ Չեմպիոնների լիգայում երրորդ անընդմեջ հաղթանակից հետո, «Արքայական ակումբը» կապ հաստատեց Ալեգրիի հետ, բայց մասնագետն այդ ժամանակ մերժեց «Ռեալին»՝ չցանկանալով հեռանալ «Յուվենտուսից»։
Հաջորդ շաբաթ Զինեդին Զիդանը կհանդիպի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ, և իր ապագայի վերաբերյալ կայացրած որոշումը կհայտնի նրան։
Ալեգրին 2019 թվականից առանց ակումբի է մնացել։ Նրա վերջին աշխատավայրը «Յուվենտուսն» էր։ Կարիերայի ընթացքում նա մարզել է նաև «Միլանը», «Կալյարին», «Սասուոլոն», «Ուդինեզեն» , ՍՊԱԼ-ը և այլ թիմեր։