Երեկ՝ մայիսի 9-ին, Էրեդիվիզիի 32-րդ տուրում «Գրոնինգենը» հյուրընկալվելիս հաղթել է «Էմենին»՝ 4-0 հաշվով։
Այս խաղում երկու գոլային փոխանցման հեղինակ է դարձել «Գրոնինգենի» հարձակվող Արյեն Ռոբենը։ 37-ամյա ֆուտբոլիստի համար սրանք առաջին արդյունավետ գործողություններն էին կարիերան ավարտելուց հետո։ Գրեթե երկու տարի առաջ՝ 2019 թվականի մայիսի 18-ին, նիդերլանդցի ֆուտբոլիստը գոլի հեղինակ էր դարձել «Բավարիայի» կազմում՝ գրավելով «Այնտրախտի» դարպասը (5-1)։
Խաղից հետո Ռոբենը չի կարողացել կառավարել էմոցիաներն ու լաց է եղել հարցազրույցի ժամանակ․
«Ես երկար ճանապարհ եմ անցել, ու սա այն է, ինչ ես ցանկանում էի։ Ցանկանում եմ օգնել այս ակումբին և ֆուտբոլ խաղալ։ Եթե ամեն ինչ ստացվի, ես երջանիկ կլինեմ։ Սա երկար ու բարդ ճանապարհ էր»,- Ռոբենի խոսքերն է փոխանցում ESPN-ը։