«Բավարիան» և Գերմանիայի հավաքականը դիտարկում են ընկերական խաղ անցկացնելու տարբերակը՝ որպես փոխհատուցում Հանս-Դիտեր Ֆլիկի՝ ազգային թիմ հավանական տեղափոխության համար։ Այս մասին հայտնում է Kicker-ը։
Գերմանական ֆուտբոլային միությունը պնդում է, որ ինքը փոխհատուցում չի վճարի Ֆլիկի՝ «Բավարիայից» հեռանալու համար, այդ իսկ պատճառով ցանկանում է խաղ անցկացնել մյունխենցիների հետ։ «Բավարիայի» այն ֆուտբոլիստները, ովքեր նաև հանդես են գալիս Գերմանիայի հավաքականում, կարող են խաղալ երկու թիմերի կազմերում էլ։ Խոսքը Մանուել Նոյերի, Լեոն Գորեցկայի, Ջոշուա Կիմիխի, Լերոյ Սանեի և Նիկլաս Զյուլեի մասին է։
Հիշեցնենք՝ Ֆլիկը «Վոլֆսբուրգի» նկատմամբ երեկ տարած հաղթանակից հետո հայտարարել է, որ ցանկանում է խզել պայմանագիրը «Բավարիայի» հետ։ Ֆլիկը 2019 թվականի նոյեմբերին է դարձել «Բավարիայի» գլխավոր մարզիչը։ Մասնագետի գլխավորությամբ մյունխենյան ակումբը դարձել է Գերմանիայի չեմպիոն, նվաճել է Գերմանիայի Գավաթն ու Սուպերգավաթը, դարձել է Չեմպիոնների լիգայի հաղթող, ինչպես նաև՝ ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի և աշխարհի ակումբային առաջնության չեմպիոն։
Սպասվում է, որ Ֆլիկը կգլխավորի Գերմանիայի հավաքականը։