Ձյուդոյի Եվրոպական միությունը նոր մրցաշրջանում Ավստրիայի Միտերսիլ քաղաքում կազմակերպել է հերթական օլիմպիական մարզումային ճամբարը:
ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը հայտնում է, որ մարզումներին մասնակցում է նաև Հայաստանի պատվիրակությունը. Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Թաթուլ Հովհաննիսյանի և հավաքականի գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանի ղեկավարությամբ Ավստրիայում պարապմունքներին մասնակցում են Ֆերդինանդ Կարապետյանը, Յուրի Իսրայելյանը, Տիգրան Բադալյանը, Մերուժան Սարգսյանը և Բորիս Շատվերյանը:
Այսօր երեկոյան մեր թիմը կվերադառնա հայրենիք:
Տանը ձյուդոիստները կշարունակեն նախապատրաստվել պատասխանտու մրցաշարերին: Հունվարի 25-ին Թել Ավիվում, ապա` փետրվարի 8-ին Փարիզում կմեկնարկեն օլիմպիական վարկանիշային մրցաշարերը: Դրանք հաջորդաբար կանցկացվեն մինչև մայիսի 25 –ը ,երբ մարզաձևի միջազգային ֆեդերացիան կհրապարակի Տոկիո մեկնողների ցանկը:
Յուրաքանչյուր քաշային կարգում կընդգրկվեն 1-25 –րդ տեղերը զբաղեցնող վարպետները: Հայաստանի հավաքականի առաջատար Ֆերդինանդ Կարապետյանը / 73կգ / միավորների քանակով, իր քաշային կարգում, առայժմ 32–րդ հորիզոնականում է: