Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերի մեկնարկին մնացել է 100 օր։
Քառամյակի գլխավոր մարզական ստուգատեսը, որը նախորդ տարի հետաձգվեց ու տեղափոխվեց 2021 թվական, կմեկնարկի հուլիսի 23-ին։ Սահամանափակումներով պայմանավորված, բազմաթիվ միջոցառումներ չեղյալ են հայտարարվել կամ էլ փոխվել է դրանց անցկացման կարգը, ինչպես օրինակ՝ օլիմպիական ջահի փոխանցավազքը տարբեր երկրներում։ Այն անցկացվում է միայն Ճապոնիայի տարածքում՝ առանց հանդիսականների։
Օրեր առաջ կազմկոմիտեն հայտարարություն տարածեց նաև այն մասին, որ Օլիմպիական խաղերին կարող են ներկա գտնվել միայն ճապոնացիները, իսկ արտերկրյա երկրպագուների մուտքը արգելվելու է, որը ենթադրում է նաև հազարավոր տոմսերի վերադարձ։