Գործակալ Մինո Ռայոլան, որը ներկայացնում է Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդի շահերը, կարծում է, որ ակումբը մրցաշրջանի ավարտին պիտի վաճառի նորվեգացի ֆուտբոլիստին։ Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Հոլանդի հայրն ու Ռայոլան բանակցություններ են վարել «Բարսելոնայի» ու «Ռեալի», ինչպես նաև ԱՊԼ մի քանի ակումբների հետ։
«Ես Դորտմունդում եմ եղել։ «Բորուսիայի» մարզական տնօրեն Միխայել Ցորկը պարզ հասկացրեց, որ նրանք չեն ուզում վաճառել Էրլինգին։ Ես հարգում եմ նրանց ընտրությունը, բայց դա չի նշանակում, թե համաձայն եմ նրանց հետ։ Իմ ու «Բորուսիայի» միջև պատերազմ չկա»,- ասել է Ռայոլան Sport1-ի հետ զրույցում։
Հոլանդը «Բորուսիայում» հանդես է գալիս 2020-ի հունվարից։ Նրա պայմանագիրն ավարտվում է 2024-ի ամռանը։ 20-ամյա հարձակվողը գերմանական ակումբում անցկացրած 52 խաղում խփել է 49 գոլ։