Լեգենդար Նիկիտա Սիմոնյանը «Սպարտակի» Փառքի Սրահում անձամբ է բացել իր մրցանակների ցուցադրությունը: Մոսկովյան ակումբի պատմության լավագույն ռմբարկուն «Սպարտակի» թանգարանին է նվիրաբերել իր բոլոր մեդալները, անձնական մրցանակները և հիշարժան այլ իրեր:
«Մտածեցի՝ ինչո՞ւ այս բոլոր մեդալները պահեմ իմ բնակարանում: Երկրպագուները, ովքեր կգան թանգարան ու կտեսնեն իմ մրցանակները, ինձ կհիշեն: Կարելի է ասել, որ սա կլինի «Սպարտակում» իմ ելույթների շարունակությունը:
Չէ՞ որ կյանքը հավերժ չէ: Աշնանը ես կդառնամ 95 տարեկան: Եվ թե ինձ որքան ժամանակ է տրված ապրելու, գիտի միայն Աստված … բայց «Սպարտակը» եղել է, կա, ու կմնա իմ սրտում մինչև կյանքիս վերջը»,- ասել է Նիկիտա Սիմոնյանը:
Հիշեցնենք՝ Նիկիտա Սիմոնյանը ԽՍՀՄ 6-ակի չեմպիոն է և ԽՍՀՄ 5-ակի գավաթակիր «Սպարտակի» կազմում: Նա այս տիտղոսները նվաճել է թե՛ որպես ֆուտբոլիստ և թե՛ որպես մարզիչ:
1956 թվականին նա ԽՍՀՄ հավաքականի կազմում Մելբուրնում նվաճել է Օլիմպիական ոսկե մեդալն, իսկ 1973 թվականին Երևանի «Արարատի» հետ դարձել է երկրի չեմպիոն ու գավաթակիր: