Ուելսի հավաքականի երեք ֆուտբոլիստ ժամանակից շուտ լքել է ազգային թիմի ճամբարն ԱԱ-2022-ի ընտրական փուլի երրորդ տուրի՝ Չեխիայի հետ խաղից առաջ։
Sky Sports-ը հայտնում է, որ այդ ֆուտբոլիստներն են «Վեսթ Բրովմիչի» հարձակվող Հալ Ռոբսոն-Կանուն, «Շալկեի» կիսապաշտպան Ռաբի Մատոնդոն և «Լիդսի» կիսապաշտպան Թայլեր Ռոբերտսը։ Բոլոր ֆուտբոլիստներն էլ, չհետևելով Ուելսի ֆուտբոլային ասոցիացիայի կողմից սահմանված կարգին, խախտել են պարետային ժամը․ հանգստի ժամի հայտարարումից հետո նրանք լքել են իրենց սենյակները։
Աղբյուրը հայտնում է, որ ֆուտբոլիստները ոչ մի օտար մարդու չեն հրավիրել հյուրանոց, սակայն մարզչական շտաբը համարել է, որ պարետային ժամի խախտումը լուրջ թերացում է, ու բոլոր երեք խաղացողներին ուղարկել է իրենց ակումբներ։
Վաղը՝ մարտի 30-ին, Ուելսի հավաքականը Քարդիֆում կընդունի Չեխիայի հավաքականին։ Խաղի մեկնարկը 22։45-ին է։