Ֆրանսիայի առաջնության 29-րդ տուրի՝ ՊՍԺ-«Նանտ» խաղի ժամանակ (1-2) թալանել են փարիզյան թիմի հարձակվող Անխել Դի Մարիայի տունը: Այս մասին հայտնում է RMC Sport-ը: Անհայտ անձինք ներխուժել են արգենտինացու տուն, երբ նրա ընտանիքի անդամները, այդ թվում երեխաները, եղել են տանը: ՊՍԺ-ն արդեն հաստատել է այս տեղեկությունը:
Հաղորդվում է, որ հենց սրանով է պայմանավորված եղել Դի Մարիայի փոփոխությունը երեկ կայացած խաղի ժամանակ: Փարիզյան թիմի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն փոխարինել է նրան, երբ իմացել է այդ մասին: Դի Մարիան անմիջապես ուղևորվել է տուն՝ իր ընտանիքի մոտ:
La Parisien-ը հայտնում է, որ նրանք ոչինչ չեն լսել: Հանցագործները կարողացել են գողանալ սեյֆի պարունակությունը: Ոստիկանությունն արդեն զբաղվում է նրանց որոնելով:
Ավելի ուշ հայտնի է դարձել, որ հանցագործների ներխուժման պատճառով տուժել են նաև Մարկինյոսի ծնողները: Նրանք ևս այդ պահին եղել են տանը: RMC Sport-ը նշում է, որ հիմա Մարկինյոսի ծնողները լավ են, նրանց հետ ամեն ինչ կարգին է: