«Էվերթոնի» կիսապաշտպան Աբդուլայե Դուկուրեն ոտքի կոտրվածքի պատճառով առաջիկա 10 շաբաթը չի կարողանա օգնել իր թիմին:
BBC-ի տեղեկություններով, «Էվերթոնի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին հույս ունի, որ 28-ամյա ֆրանսիացի կիսապաշտպանը կկարողանա շարք վերադառնալ մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը: Դուկուրեն վնասվածք է ստացել ԱՊԼ-ի 29-րդ տուրի՝ «Վեսթ Բրոմվիչի» հետ խաղում (1-0):
Աբդուլայե Դուկուրեն «Էվերթոն» է տեղափոխվել 2020/21 մրցաշրջանի մեկնարկից առաջ «Ուոթֆորդից»: Տրանսֆերի արժեքը կազմել է 22,1 մլն եվրո: Ֆուտբոլիստը «Էվերթոնի» հետ պայմանագիր էր կնքել, որը նախատեսված է մինչև 2023 թվականի ամառը՝ այն ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ:
Ընթացիկ մրցաշրջանում Աբդուլայեն 25 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: «Էվերթոնը» 27 խաղից հետո 46 միավոր է վաստակել ու ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականն է զբաղեցնում: