«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մեկնաբանել է ակումբի հետ պայմանագրի երկարաձգումն ու իր՝ մառախլապատ Ալբիոնում հայտնվելը։ Իսպանացի մասնագետը պատմել է, որ միշտ երազել է աշխատել Անգլիայում՝ Շեքսպիրի, The Beatles-ի և Oasis-ի հայրենիքում։
«Հետ նայելով այն հինգ տարիներին, որ անցկացրել եմ «Մանչեսթեր Սիթիում»՝ ինձ հիանալի եմ զգում։ Նախորդ մրցաշրջանում էլ էի ինձ լավ զգում, չնայած՝ տիտղոսների բացակայությանը։ Ունեմ ընկերներ, ինձ պաշտպանված եմ զգում, զգում եմ երկրպագուների սերը, թիմը հետևում է իմ գաղափարներին, սիրում եմ աշխատել այս ֆուտբոլիստների հետ։
Աշխատանքի համար ունեմ անհավանական պայմաններ։ Ատում եմ նոյեմբերը, դեկտեմբերը, հունվարն ու փետրվարը Անգլիայում, քանի որ կցանկանայի ավելի լավ եղանակ տեսնել, բայց ես ունեմ ամեն ինչ։ Ամեն ինչ, որպեսզի կատարեմ իմ աշխատանքը։ Հենց այս պատճառով եմ երկարաձգել պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ։ Սա գլխավոր պատճառն է։
Ես չեմ ասում, թե «Բավարիայում» կամ «Բարսելոնայում» ինձ լավ չէի զգում, բայց այդ ակումբների հետ աշխատելով՝ ես միշտ երազում էի հայտնվել Անգլիայում։ Ցանկանում էի աշխատել Շեքսպիրի, The Beatles-ի և Oasis-ի հայրենիքում։ Անգլիան միայն ֆուտբոլը չէ, այլ կինոն, թատրոնը։ Առանձնահատուկ երկիր է»,- ասել է Գվարդիոլան Ռիո Ֆերդինանդին տված հարցազրույցում։