Իտալական Ա Սերիայի 23-րդ տուրում մրցել են «Ատալանտան» ու «Նապոլին»: Հանդիպումը կայացել է Բերգամոյում և ավարտվել տանտերերի՝ 4-2 հաշվով հաղթանակով:
Հատկանշական է, որ առաջին կեսում՝ 26-րդ րոպեին, «Ատալանտայի» գլխավոր մարզիչ Ջան Պյերո Գասպերինին հեռացվել է տեխնիկական գոտուց: Թիմերն ընդմիջման են գնացել առանց խփած գոլերի: Երկրորդ կեսի մեկնարկում հանդիպման հաշիվը բացվել է. Դուվան Սապատան է աչքի ընկել խփած գնդակով: 58-րդ րոպեին «Նապոլիի» կիսապաշտպան Պյոտր Զելինսկին հավասարեցրել է հաշիվը:
64-րդ րոպեին «Ատալանտան» նորից առաջ է անցել հաշվի մեջ՝ Ռոբին Գոսենսի խփած գոլի շնորհիվ, իսկ 71-րդ րոպեին Լուիս Մուրյելն ամրապնդել է իր թիմի առավելությունը: 76-րդ րոպեին Գոսենսը ևս մեկ անգամ է գրավել դարպասը, սակայն՝ սեփական: 79-րդ րոպեին «Ատալանտայի» կազմում Քրիստիան Ռոմերոն ձևակերպել է հանդիպման վերջնահաշիվը՝ 4-2:
«Ատալանտան» 23 խաղից հետո 43 միավոր է վաստակել ու Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականն է զբաղեցնում: «Նապոլին» 40 միավորով 7-րդ տեղում է: