«Այաքսը» զավեշտալի իրավիճակում է հայտնվել Եվրոպա լիգայի ընթացիկ խաղարկության փլեյ-օֆֆ-ի հայտացուցակը կազմելիս: BBC-ն հայտնում է, որ երեքշաբթի՝ փետրվարի 2-ին, մրցաշարի մասնակիցները պետք է ներկայցնեին 25 ֆուտբոլիստից բաղկացած հայտացուցակները: Ամստերդամյան ակումբը, ինչպես և մյուսները, կազմել է իր հայտացուցակը, սակայն այնտեղ չի ընդգրկվել թիմի նորեկ, հարձակվող Սեբաստյան Ալլերը:
«Մենք աշխատում ենք Նիդերլանդների Արքայական ֆուտբոլային միության և ՈՒԵՖԱ-ի հետ, որպեսզի հասկանանք, թե որ պահին ամեն ինչ սխալ ընթացավ»,- հայտարարել է «Այաքսի» ներկայացուցիչը:
Ամստերդամյան ակումբը Ալլերին ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում է ձեռք բերել «Վեսթ Հեմից» 22,5 մլն եվրոյի դիմաց: Էրեդիվիզիում անցկացրած առաջին 6 խաղում 26-ամյա ֆուտբոլիստը 2 գոլ է խփել:
Եվրոպա Լիգայի 1/16 եզրափակչում «Այաքսը» կխաղա «Լիլի» հետ: Առաջին հանդիպումը կկայանա փետրվարի 18-ին Ֆրանսիայում, իսկ պատասխան խաղը՝ փետրվարի 25-ին Նիդերլանդներում: