Վուլվերհեմփթոնի «Մուլինե» մարզադաշտում կայացել է ԱՊԼ-ի 22-րդ տուրի՝ «Վուլվերհեմփթոն»-«Արսենալ» հանդիպումը, որում տանտերերը 2-1 հաշվով կամային հաղթանակ են տարել։
Հյուրերը հանդիպման հաշիվը բացել են 31-րդ րոպեին․ «Արսենալի» կիսապաշտպան Նիկոլյա Պեպեն է դարձել գեղեցիկ գոլի հեղինակ։
Առաջին կեսին ավելացրած երրորդ րոպեին տանտերերը արագ հակագրոհի դիմեցին, ինչի արդյունքում «զինագործների» պաշտպան Դավիդ Լուիսը սեփական տուգանայինում թիկունքից հարվածեց «գայլերի» հարձակվող Վիլիան Ժոզեի, ինչի համար գլխավոր մրցավարը հեռացրեց Լուիսին, իսկ հյուրերի դարպասին 11 մետրանոց հարված նշանակեց։ Ռուբեն Նեվեշն անվրեպ իրացրեց այն ու հավասարեցրեց հաշիվը։
Տանտերերի կազմում հաղթական գոլը հեղինակեց կիսապաշտպան Ժոաու Մոուտինյուն՝ 49-րդ րոպեին գրավելով մրցակցի դարպասը։
Հատկանշական է՝ «Արսենալը» խաղն ավարտեց 9 հոգով․ հանդիպման 72-րդ րոպեին թիմի դարպասապահ Բերնդ Լենոն դուրս եկավ տուգանայինի սահմաններից ու ձեռքով գնդակը դուրս հանեց, ինչի համար ուղիղ կարմիր քարտով հեռացվեց խաղադաշտից։
Միկել Արտետայի թիմի համար սա առաջին պարտությունն է ԱՊԼ-ի վերջին 8 խաղում։
«Վուլվերհեմփթոնը» 22 խաղից հետո վաստակել է 26 միավոր և ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 13-րդ հորիզոնականն է զբաղեցնում, իսկ «Արսենալը» 31 միավորով 10-րդ տեղում է։