«Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսը կարծում է, որ հաղթողները երբեք չեն հոգնում հաղթելուց։ Չնայած Չեմպիոնների լիգան 4 անգամ հաղթած լինելուն՝ նա ուզում է հաղթել 5-րդը։
Գերմանացի խաղացողը նաև պատմել է, թե երբ է հասկացել, որ «Ռեալը» մեծագույն ակումբ է մեծ ամբիցիաներով։
«Եթե դու ունեցել ես Չեմպիոնների լիգան հաղթելու զգացողությունը, դու կցանկանաս դա նորից ու նորից։
Երբեմն մեկ կամ երկու տարի է անցնում, ինչը հասկանալի է, քանի որ մյուսները նույնպես ուզում են հաղթել։ Բայց զգացողությունը չի անհետանում, եթե դու մեկ անգամ զգացել ես դա․ դու դա նորից ես ուզում։ Չնայած 4 Չեմպիոնների լիգա ունենալուն՝ ես ուզում եմ հինգերորդը»,-Tom Junkersdorf’s podcast-ում ասել է Կրոսը։
Գերմանացին նաև պատմել է, որ իր շնորհանդեսի օրը հասկացել է, թե ինչ մեծ նպատակներով ակումբ է «Ռեալը»։
«Դա իմ շնորհանդեսի օրն էր։ 30 հազար մարդ այնտեղ էր ոչ թե խաղի համար, այլ տեսնելու, թե ինչպես եմ ես հարվածում գնդակին մի քանի վայրկյանի ընթացքում։
Դա ուրիշ մի բան է, ինչ ես չէի տեսել նախկինում։ Այստեղ հաջողությունը պատկանում է երեկվա օրվան։ Այն, ինչ կարևոր է, ներկան է ու հաջորդ տիտղոսը հաղթելը»,-եզրափակել է Կրոսը։