Անգլիայի Գավաթի խաղարկության 1/16 եզրափակչում «Լեսթեր Սիթին» հաղթել է «Բրենտֆորդին»: Հանդիպումը կայացել է Բրենտֆորդի համանուն մարզադաշտում և ավարտվել 3-1 հաշվով:
6-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացել է «Բրենտֆորդի» պաշտպան Մադս Սյորենսենը: Երկրորդ կեսի մեկնարկում «Լեսթերի» կիսապաշտպան Չենգիզ Ունդերը կարողացել է վերականգնել հաշվի հավասարկշռությունը: 51-րդ րոպեին Յուրի Տիլեմանսն առաջ է մղել հյուրերին՝ անվրեպ իրացնելով 11-մետրանոցը, ավելի ուշ Մեդիսոնը դրել է հանդիպման վերջակետը՝ 3-1:
Զուգահեռաբար ընթացող խաղում «Բարնլին» 3-0 հաշվով ջախջախիչ հաղթանակ է տարել «Ֆուլհեմի» նկատմամբ:
Անգլիայի Գավաթի 1/8 եզրափակչում «Լեսթերը» կխաղա «Բրայթոնի» հետ, որը 2-1 հաշվով առավելության էր հասել «Բլեքփուլի» նկատմամբ: «Բարնլին» հաջորդ փուլում ուժերը կչափի «Բորնմուտ»-«Քրոուլի Թաուն» զույգի հաղթողի հետ: