«Ռեալը» Իսպանիայի սուպերգավաթի խաղարկությունից դուրս մնալուց հետո կիրակի Մադրիդի «Վալդեդեբաս» մարզաբազայում վերսկսել է մարզումները։
«Արքայական» ակումբի մարզմանը չեն մասնակցել Սերխիո Ռամոսն ու Ռաֆայել Վարանը, հաղորդում է Marca-ն։ Իսպանացին անհարմարություններ է զգում ձախ ծնկի հատվածում, Վարանը աջ ոտքի թեթև վնասվածք ունի, ինչն էլ պատճառ դարձավ, որ նա «Ատլետիկի» դեմ խաղի առաջին կեսից հետո փոխարինվի։
Հաղորդվում է, որ ուրբաթ «Ռեալի» կենտրոնական պաշտպանները բուժզննում են անցել, ինչը ցույց է տվել, որ նրանցից ոչ մեկը վնասվածք չունի։ Սակայն ապահովության համար նրանք այսօր աշխատել են մարզասրահում։
Թիմի մյուս ֆուտբոլիստները մարզվել են բնականոն կերպով՝ պատրաստվելով Իսպանիայի արքայական գավաթի առաջին խաղին չորեքշաբթի «Ալկոյանոյի» հետ։