«Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսի ապագան շարունակում է անորոշ մնալ։ 34-ամյա իսպանացու պայմանագրի ժամկետն «արքայական» ակումբի հետ ավարտվում է այս ամառ։ Կողմերը դեռևս չեն կարողանում համաձայնության հասնել։
AS-ը գրում է, որ Ռամոսի պայմանագիրը երկարաձգելուն խոչընդոտում է ֆինանսական տարաձայնությունը ակումբի ու ֆուտբոլիստի միջև։ «Ռեալի» ղեկավարությունը պնդում է, որ պայմանագիրը երկարաձգելու դեպքում Ռամոսը պետք է գնա աշխատավարձի կրճատման, մինչդեռ ֆուտբոլիստը դեմ է։
Ներկա պահին Ռամոսը տարեկան 12 միլիոն եվրո է վաստակում։ Նոր պայմանագրով նրա աշխատավարձը նվազելու է 1,2 միլիոն եվրոյով։ Ակումբում պնդում են, որ ֆինանսական բարդ իրավիճակով պայմանավորված առաջացել են խնդիրներ։
Հաղորդվում է, որ «Ռեալը» ունի գումար Ռամոսի ուզած աշխատավարձը վճարելու համար, սակայն «արքայական» ակումբը մտադիր է որոշակի խնայողություններ անել, որպեսզի ամռանը կարողանա ձեռք բերել Կիլիան Մբապեի և Էդուարդո Կամավիգայի տրանսֆերները։
Ակումբի ֆուտբոլիստներից ոմանք չեն հասկանում, թե ինչու ֆուտբոլիստները պետք է գնան աշխատավարձի կրճատման, եթե ակումբի ֆինանսական միջոցները բավարարում է վճարելուն նախատեսված գումարը։