«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի հայրը՝ Խորխե Մեսսին, ակումբի ղեկավարության հետ այս շաբաթ կքննարկի իր որդու ապագան: Չորեքշաբթի օրը Մեսսի-ավագը կհանդիպի կատալոնական ակումբի նախագահ Խոսեպ Բարտոմեուի հետ՝ քննարկելու որդու՝ թիմից հեռանալու հարցը, հայտնում է Mundo Deportivo-ն:
Ավելի վաղ Մեսսին «Բարսելոնային» ասել էր, որ ցանկանում է հեռանալ ակումբից և խնդրել էր խզել պայմանագիրը՝ համաձայն իր պայմանագրի համապատասխան կետի: Կատալոնացիներն, իրենց հերթին, ասել էին, որ այս տարբերակը կորցրել է իր վավերականությունը, քանի որ այն կարող է կիրառվել միայն մինչև հունիսի 10-ը: Լա Լիգան ևս համաձայն է «Բարսելոնայի» դիրքորոշման հետ:
Այսպիսով, «Բարսելոնան» չի ցանկանում բաց թողնել հարձակվողին որպես ազատ գործակալ և պնդում է, որ նա կկարողանա լքել ակումբը միայն այն դեպքում, եթե նրա տրանսֆերի համար վճարվի 700 միլիոն եվրո: Այժմ ֆուտբոլիստի փաստաբաններն աշխատում են այս հարցի շուրջ:
Այնուամենայնիվ, Խորխե Մեսսին հույս ունի, որ որ իր որդին առանց սկանդալի կհեռանա «Բարսելոնայից»: