«Սպորտինգի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը ներողություն է խնդրել երկրպագուներից այս մրցաշրջանի ավարտից առաջ Լոնդոն մեկնելու համար «Վեսթ Հեմի» հետ բանակցելու համար։
«Սխալ է եղել։ Ժամկետը լրիվ սխալ էր։ Ես միշտ խնդրում եմ իմ խաղացողներին հարգանք դրսևորել, բայց ես ինքս դա ցույց չեմ տվել, թեև նախապես տեղեկացրել եմ ակումբին։ Շատ եմ ցավում և ներողություն եմ խնդրում երկրպագուներից, ակումբից և խաղացողներից»,- Ամորիմի խոսքերն է մեջբերում X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter) լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Հիշեցնենք, որ ավելի վաղ մամուլում տեղեկություն էր հայտնվել, որ պորտուգալացի մասնագետը բանակցություններ է սկսել «Վեսթ Հեմի» հետ, որպեսզի ճնշում գործադրի իր ծառայություններով հետաքրքրված «Լիվերպուլի» վրա։ Այն բանից հետո, երբ մերսիսայդցիներն իմացան այս մասին, նրանք հրաժարվեցին Ամորիմի թեկնածությունից։