«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը դեռևս մրցաշրջանի մեկնարկում էր հասկացնել տվել, որ այս մրցաշրջանում նրա համար առաջնային նպատակը Լա լիգայի չեմպիոն դառնալն է։ Իր առաջին երեք տարում «բլանկոսների» հետ Զիդանը միայն մեկ անգամ է հաղթել Լա լիգայում։ Դա 2017-ին էր։
Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված իրավիճակը չի փոխել ֆրանսիացու մտադրությունը։ Դադարից առաջ «Ռեալը» հետ է մնում մրցաշարային աղյուսակում «Բարսելոնայից» 2 միավորով։ Սրանք միավորներ են, որոնք մադրիդյան թիմը կորցրել էր դադարից առաջ կայացած վերջին խաղում՝ պարտվելով «Բետիսին» «Բենիտո Վիլյամարինում»։
Այսպիսով մնացած 11 խաղերի համար Զիդանը լրջագույն զրույց է ունեցել իր տղաների հետ։ ABC deportes-ի փոխանցմամբ՝ ֆրանսիացի մասնագետը ասել է ֆուտբոլիստներին, որ առաջնությունը հաղթելու համար նրանք պետք է մնացած յուրաքանչյուր խաղի մոտենան որպես եզրափակիչ։ Զիդանը անգամ բերել է 1998 թվականի Աշխարհի առաջնության օրինակը, երբ Ֆրանսիան հռչակվեց աշխարհի չեմպիոն։ Ֆրանսիան առաջնության բոլոր 7 խաղերը խաղում էր որպես եզրափակիչ՝ երեք օրը մեկ անգամ։
Զիդանը նաև խնդրել է իր ֆուտբոլիստներին ֆիզիկական խնդիրներ ունենալու դեպքում ասել մարզչին նախօրոք, քանի որ գալիք երկու ամիսը չափազանց ծանր է լինելու բոլորի համար։