Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ռուս հայտնի վիդեո բլոգեր Եվգենի Սավինի «Красава» հեղինակային հաղորդման ժամանակ պատմել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի հետ ունեցած կոնֆլիկտի մասին.
«Չեմ կարող բացատրել, թե ինչ եղավ, քանի որ չգիտեմ, թե նրա գլխում ինչ էր կատարվում: Պարզապես կարող եմ ասել, որ ամեն օր քրտնաջան աշխատում էի, ու մտածում էի, որ կստանամ իմ շանսը: Այդպես էլ եղավ. մեկ խաղ խաղում էի, մյուս կարող էի պահեստայինների նստարանին մնալ, հաջորդին առհասարակ կարող էի տրիբունայից հետևել: Բայց դա չէր կարող ինձ կոտրել, քանի որ ես ունեի երազանք` խաղալ ու հաճույք ստանալ իմ խաղից:
Հաջորդ տարի մենք նվաճեցինք Եվրոպա լիգայի Գավաթը, ու ևս երկու Գավաթ:
Եկավ պահ, երբ ես մտածեցի, որ այլևս ոչինչ չունեմ անելու Մանչեսթերում, քանի որ ես աշխատում եմ, ճնշում եմ գործադրում, օգնում եմ թիմին, գոլեր եմ խփում, գոլային փոխանցումներ եմ կատարում, իսկ ինչ որ մեկը դժգոհ է …ես ցանկանում էի առաջ գնալ:
Կարելի է ասել, որ Մոուրինյոն իմ կարիերայի ամենաբարդ մարզիչն է եղել: Բնավորությամբ նա հաղթող է: Նրան պետք է, որ դու հաղթես ու անես այն, ինչ նա պահանջում է քեզնից: Ամեն առումով նրա հետ դժվար է աշխատել:
Մոուրինյոն զանգահարել է Ռայոլային ու ասել, թե ինչու եմ ես իրենից ավելի շուտ գալիս մարզաբազա: Մի անգամ նա ինձ տեսավ նախաճաշելիս ու ասաց. «Քո պատճառով ինձ քննադատում են մամուլում»: Ես նրան ասացի. «Այսի՞նքն. ես դիտավորյալ ոչինչ չեմ անում, որ Ձեզ քննադատեն»,- ասել է Մխիթարյանը: