«Մարդիկ նման են սերմի. որտեղ հայտնվում են, այնտեղ էլ սկսում են աճել և զարգանալ»:
Որքան անցնում են տարիները, այնքան սկսում ես ավելի լավ ընկալել Օմար Խայամի այս տողերի իմաստն ու նշանակությունը:
Մեր կյանքը բաղկացած է հազարավոր պատահական կամ ոչ այնքան պատահական որոշումների և ընտրությունների համույթից: Միակ բանը, որ մեզ վիճակված չէ ընտրել՝ կենսագործունեության վայրն է. այն միջավայրը, որտեղ մենք ծնվում և ձևավորվում ենք: Վստահ եմ ՝ ձեզնից շատերը մտածել են, թե ի՞նչ կլիներ, եթե ծնվեիք մեկ այլ վայրում:
Հայրենիք ասվածը բավական բարդ և հեղհեղուկ «լուծույթ» է: Այն իր մեջ ներառում է բազում առասպելներ ու կարծրատիպեր: Աշխարհի բոլոր փոքրիկ «սերմերը» ձևավորվում և մեծանում են այն հավատամքով, որ իրենց «Սերմնաստանը» նման չէ մյուսներին: Իհարկե, այս ամենի մեջ կա ճշմարտության հատիկ, բայց պետք է նաև ընդունել, որ շատ հակամարտությունների ու անախորժությունների հենքը հենց այդ կարծրատիպերն են:
Երբ մենք արտաբերում ենք «ամենահայ» բրազիլացի եզրույթը, իհարկե նկատի չունենք այն, որ Մարկոս Պիզելին մի օր կարտասանի «Ես իմ անուշ Հայաստանին» կամ կպարի «Մշո Յարխուշտան», քանի որ դա չէ էականը:
«Ամենահայ բրազիլացին» գնահատական է: Այսպիսով, օտարական թվացող մեկին մենք ներս ենք թողնում մեր «Սերմնաստանը»՝ գտնելով, որ նա մեզնից մեկն է: Մարդկային ջերմությունն ու հարգանքն են այն անշրջելի սյուները, որոնք չեն ճանաչում ոչ մի սահման կամ ազգություն:
Ահա սա է պատճառը, որ բրազիլական Սան Պաուլո նահանգում ծնված այս տղան այդքան հարազատ է մեզ: Հայաստանում հայտնվելու առաջին իսկ օրվանից Մարկոսը դարձավ երկրպագուների սիրելին: Սկզբում, դա Երևանի «Արարատի» ֆաներն էին, ապա այդ գործին միացավ ողջ աշխարհասփյուռ հայությունը:
2006 թվականին հայ երկրպագուն առաջին անգամ ծանոթացավ Մարկոսի «կախարդական ձախ ոտքին»: Նրա հեռահար հարվածները մոլորության մեջ էին թողնում դարպասապահներին: Պիզելին իրական հայտնություն դարձավ հայկական ֆուտբոլի համար:
Դժվար է հստակ գնահատական տալ նրա խաղաոճին: Մարկոսը երբեք աչքի չի ընկել իր արագությամբ կամ ֆիզիկական պատրաստվածությամբ: Համաձայնեք, որ այս ամենը տարիների ընթացքում կարելի է կորցնել: Նրա հաղթաթուղթը շատ ավելի հզոր է և մնայուն:
Խաղային ինտելեկտ
Մեր օրերում ինտելեկտի առկայությունը, կարծես թե, շատ դեպքերում մոդայիկ չէ: Նախապատվությունն ավելի շատ տրվում է արտաքին փայլին, քան ներքին խորությանը: Այնպիսի տպավորություն է, որ ամենուր լսվում է այս կարգախոսը. «Մի ՛ մտածիր, գործի՛ր, մի՛ կորցրու պահը, վերցրո՛ւ կյանքից ինչ հնարավոր է»:
Ուրախալի է, որ ֆուտբոլը զերծ է մնում այդ տենդենցից: Իհարկե, այստեղ էլ ամեն ինչ իդեալական չէ, բայց խաղային ինտելեկտի առկայությունը շատերին դուրս է բերում միջակությունների շարքից:
Ժամանակակից ֆուտբոլը շատ ավելի արագ է, քան նախկինում: Գերարագ խաղի առաջատարը ԱՊԼ-ն է, սակայն, այնտեղ իրենց հրաշալի են զգում մտածող և հետո նոր գործող ֆուտբոլիստները, որոնց անարժանիորեն անվանում են դանդաղ ֆուտբոլիստներ: Օրինակները շատ են ՝ Դավիդ Սիլվա, Մեսութ Օզիլ, Ֆրենկ Լեմպարդ, Սթիվեն Ջերարդ, Սանտի Կասորլա…
Խաղադաշտը տեսնելու, փոխանցման պահը զգալու և կատարելու ունակությունն է, որ տարիների ընթացքում երբեք չի լքում ֆուտբոլիստին: Ահա սա է Մարկոս Պիզելիի գլխավոր հաղթաթուղթը: Ահա սա էր Արկադի Անդրեասյանը նկատել, երբ 2006-ին Բրազիլիայի 3-րդ դիվիզիոնի համեստ «Սան Կառլոս» ակումբից Պիզելիին հրավիրեց Երևանի «Արարատ»:
Հարազատ օտարերկրացին
Ժամանակին Մարկոսը անկեղծացել էր, որ մեր երկրի հետ առաջին շփումը շոկային էր նրա համար: Արևաշատ լողափներից հայտնվել ձմեռային Երևանում՝ կատակ բան չէ: Բացի այդ, մենք միանգամից չենք վստահում օտարականին: Ընդունում ենք, հյուրասիրում, բայց չենք «բացում» մեր հոգին, քանի դեռ չենք ճանաչել նրան: Այս աներևութական սառնությունը շատ կարճ կյանք ունեցավ: Նա իր ցուցադրած խաղով և հարգալից վարքագծով նվաճեց հասարակության սերը: Այստեղ ես հասկանում, որ մարդկային հարաբերություններում անձնագրերն ու կիլոմետրերը ոչինչ են:
Հայաստանի հավաքականի կազմում առաջին գնդակը Մարկոսը խփեց 2008 թվականի մայիսին՝ Մոլդովայի հավաքականի հետ ընկերական խաղում (2:2): Նա առաջիկա տարիներին պետք է դառնար ևս 10 գոլի հեղինակ, որոնցից Եվրո-2016 ընտրական փուլի Պորտուգալիայի հավաքականին խփած գնդակը դեռ երկար կմնա Կրիշտիանու Ռոնալդուի հիշողության մեջ:
Սակայն, հատկանշականն այն է, որ այդ ընթացքում մենք տեսնում էինք մի մարդու, ով անկախ գոլի կարևորությունից կամ մրցակցի հզորությունից, իրական և չկեղծվող հրճվանք էր ապրում՝ կրելով Հայաստանի հավաքականի մարզաշապիկը:
Սա է Մարկոսի խաղի գլխավոր բնութագիրը: Եկեք ընդունենք, որ հայկական ֆուտբոլ կոչվող «մոլորակում» միշտ էլ եղել են հակամարտություններ և խժդժություններ: Քննադատության են արժանացել նույնիսկ անձեռնմխելի թվացողները: Եվ եթե կա մեկը, ով կարող է վստահորեն ասել՝ ես վայելում եմ հայ ֆուտբոլասերի անմնացորդ սերն ու հարգանքը, դա հենց Մարկոս Պիզելին է:
«Ես 99%-ով հայ եմ, 1%-ով՝ բրազիլացի»
Անհնար է չհավատալ այս խոսքերի անկեղծությանը: Իր ամբողջ կարիերայի ընթացքում «ամենահայ» բրազիլացին դարձավ 150 գոլի հեղինակ՝ յուրաքանչյուր հարվածում ներդնելով իր հայկական հոգու մի մասնիկը:
Հատկանշական է, որ հավաքականում իր կարիերան ավարտելու մասին հայտարարությունից ընդամենը 2 ամիս անց, կրկնվեց ծնկի չարաբաստիկ վնասվածքը: 35-ամյա Մարկոսը որոշել էր կենտրոնանալ ակումբային մրցելույթների վրա, սակայն, ճակատագիրը այլ բան էր նախապատրաստել նրա համար:
Միգուցե սա ևս մեկ ապացույց է, որ առանց Հայաստանի հավաքականի Մարկոսը կորցնում է իր էության մի մասնիկը:
Մեկ բան հստակ է. այս բարի ժպիտով օտարականը ապացուցեց, որ հայկական ինքնությամբ հպարտանալու համար՝ «յան» վերջավորությունը պարտադիր պայման չէ:
Նարեկ Գրիգորյան