Հայաստանի հավաքականի և Երևանի «Ալաշկերտի» նախկին գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը արդեն մի քանի ամիս է, ինչ չի զբաղվում ֆուտբոլային գործունեությամբ։ Խաշմանյանի խոսքով՝ եղել է 2 առաջարկ, որոնցից մեկին ընթացք չի տրվել, իսկ մյուսը դեռևս սառեցվել է։ Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջին հատվածի, հավաքականի ելույթների, հավաքականից հեռանալուց հետո ունեցած բարդ շրջանի ու միջազգային ֆուտբոլում առկա իրավիճակի մասին Armsport-ը զրուցել է Աբրահամ Խաշմանյանի հետ։
— Պարո՛ն Խաշմանյան, արդեն մի քանի ամիս է, ինչ ձեզ չենք տեսնում հայկական ֆուտբոլում։ Ինչո՞վ եք զբաղվում հիմա, կա՞ն գործնական առաջարկներ և եթե կան՝ հայաստանյա՞ն ակումբներից են դրանք, թե՞ դրսից։
— Այո՛, ճիշտ եք։ Արդեն գրեթե մեկ տարի է, ինչ բացակայում եմ հայկական ֆուտբոլից։ Միշտ ունեցել եմ մեծ ցանկություն ուսումնասիրել ու տիրապետել օտար լեզուների, բայց ժամանակս չի ներել։ Հիմա ազատ ժամանակս հատկացնում եմ դրան, մասնակցում եմ օտար լեզուների դասընթացների ու գարնանը կարծում եմ՝ կկարողանամ լավ տիրապետել արդեն։ Նաև միշտ ցանկություն եմ ունեցել որևէ երաժշտական գործիքի տիրապետել։ Հիմա փորձում եմ կիթառ նվագել։ Այս ընթացքում 2 առաջարկ է եղել 2 ակումբների կողմից։ Բնականաբար, ակումբների անունները չեմ տա։ Կարող եմ ասել, որ թիմերից մեկի հետ արդեն գրեթե եկել էինք հայտարարի, բայց ընթացք չեղավ։ Մյուս թիմի պարագայում գտել եմ, որ ակումբի ծրագրերը այդքան էլ չեն համապատասխանում իմ նպատակներին ու բանակցությունները դեռևս սառեցվել են։ Ճիշտ է, երկու դեպքում էլ խոսքը գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելու մասին չէր։
— Պարո՛ն Խաշմանյան, չե՞ք կարծում, որ մեկ տարին բավականին մեծ ժամանակ է հայկական ֆուտբոլում ներգրավված չլինելու համար։
— Ես կարծում եմ, որ այսօրվա դրությամբ ես կամ իմ նման մասնագետները իրավունք չունենք այսքան երկար ժամանակահատվածում ներգրավված չլինել հայկական ֆուտբոլում ու անգործության մատնված լինել։ Ես չեմ ասում, որ պետք է անպայման լինել որևէ թիմի գլխավոր մարզիչ։ Կան բազմաթիվ պաշտոններ, որտեղ մենք կարող ենք շատ օգտակար լինել մեր ֆուտբոլին։ Դա կարող է լինել թե ակումբային ֆուտբոլում, թե ֆեդերացիայի ներքո։
— Մինչև Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջին հատվածի արդյունքներն ամփոփելը, խոսենք ստեղծված իրավիճակից։ Որքանո՞վ է Covid-19-ն ու երկրում տեղի ունեցող իրադարձությունները ազդել հայկական ֆուտբոլի վրա։
— Covid-19-ը իր բացասական դերն է խաղացել ոչ միայն հայկական ֆուտբոլում, այլև համաշխարհային ֆուտբոլում։ Ակումբներն ու ֆեդերացիաները կանգնած են մեծ խոչընդոտի առջև։ Ինչ վերաբերվում է մեր երկրում տիրող իրավիճակին, ապա կարող եմ ասել, որ պատերազմից հետո շատ բան է փոխվել մեր կյանքում։ Անձամբ իմ օրինակով կարող եմ ասել, որ կյանքին այլ կերպ եմ սկսել նայել, պահանջներն այլ են դարձել։
-Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջին հատվածն ավարտված է, մրցաշարային աղյուսակի վերնամասում բավականին խիտ իրավիճակ է։ Ինչպե՞ս կգնահատեք թիմերի մրցելույթները առաջին հատվածում։
— Ֆուտբոլն իմ աշխարհն է, իմ կյանքն է, ու բնական է, որ չնայած ստեղծված իրավիճակին ես հետևում եմ առաջնությանը։ Կցանկանայի խոսել առաջատար երեք թիմերի, ինչպես նաև «Ուրարտուի» մասին։ Նրանք մի քանի խաղ պակաս են անցկացրել և եթե գումարենք այդ միավորները, առաջատարների թվում կարող են լինել նաև նրանք։ «Ուրարտուն» ունի հիանալի կազմ ու ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ նրանք ունեն լավագույն պայմանները աշխատելու համար։
«Արարատի» մասին խոսելիս կարող եմ ասել, որ ինձ համար դա մի փոքր հարաբերական է։ Մենք բոլորս էլ գիտենք, որ «Արարատը» նույն «Շիրակն» է։ Ու այստեղ խոսքը ոչ միայն խաղացողների, այլ նաև մարզչական կազմի մասին է։ Ճիշտ է, կա նաև գովելի, դրական մի բան, որ թիմում մնացել են նաև «Արարատի» լավագույն խաղացողները։ Տրամաբանական է, որ նրանք առաջատարներից մեկն են։ Կարծում եմ՝ պետք է ճիշտ խոսենք։ Մենք միշտ խուսափում ենք ճիշտ խոսելուց, խուսափել ենք արտահայտվելուց, մեր երկրպագուներին ճիշտն ասելուց, մեր ժողովրդին ճիշտն ասելուց, դրա համար էլ մենք այսօր կանգնած ենք շատ մեծ խնդիրների առջև ոչ միայն ֆուտբոլային աշխարհում, այլ նաև երկրում։
«Ալաշկերտը» բարձրակարգ ֆուտբոլիստներ ունի ու նրանց առաջատարների թվում լինելը ևս տրամաբանական է։ Առհասարակ հայկական ֆուտբոլում քիչ չեն դեպքերը, երբ թիմերի հաջող մրցելույթները ավելի շատ կապված է թիմում բարձրակարգ ֆուտբոլիստներ ունենալով, քան թե մարզչական գործունեությամբ։ «Ալաշկերտը» հարձակման գծում լավ է գործում, սակայն շատ հաճախ բաց տարածություններ է թողնում պաշտպանությունում։
Ինչ վերաբերվում է «Արարատ-Արմենիային», ապա անկեղծորեն պետք է ասեմ, առանց ոչ մեկի վիրավորելու, որ «Արարատ-Արմենիան» այսօր ու «Արարատ-Արմենիան» երեկ, դրանք տարբեր թիմեր են։ Վարդան Մինասյանի գլխավորությամբ թիմը շատ ավելի տպավորիչ ու նախաձեռնող ֆուտբոլ էր խաղում, կար հստակ ոճ։ Այսօրվա «Արարատ-Արմենիայի» խաղը դժվարությամբ եմ նայում։
— Այս համատեքստում ինչպե՞ս եք վերաբերվում Դավիդ Կամպանյայի՝ աշնանային հատվածի լավագույն մարզիչ ճանաչվելուն։
— Ցավում եմ, որ մենք տարիներ շարունակ սխալ գնահատականներ ենք տալիս մարզչական գործունեությանը։ Կարծում եմ՝ դա ֆուտբոլի չիմացության հարց է։ Չեմ ուզում որևէ մեկին վիրավորել, սա իմ անձնական կարծիքն է։ Ինձ համար զարմանալի էր, որ թեկնածուների թվում չկար Սևադա Արզումանյանը, որը, կարծում եմ՝ բոլորից լավ աշխատանք է տանում «Վանի» հետ։ Դու պետք է նժարին դնես թե՛ թիմերի պայմանները, թե՛ ֆուտբոլիստների աշխատավարձերը, խորը վերլուծության ենթարկես, և նոր միայն ընտրություն կատարես։ Սևադա Արզումանյանը կարողանում է առավելագույնը քաղել այդ «Վանից»։
— Որպես մարզիչ ձեր վերջին աշխատավայրը Հայաստանի հավաքականն էր։ Ձեզնից հետո թիմը գլխավորեց Խոակին Կապարոսը։ Բավականին կարճ ժամանակահատվածում իսպանացի մասնագետը տեսանելի լավ արդյունքներ գրանցեց ազգային թիմի հետ, հավաքականը հաղթեց Ազգերի լիգայի իր խմբում։ Ազգային թիմից ձեր հեռանալուց հետո ասացիք, որ հավաքականը իր պատմության մեջ ամենածանր շրջանում է։ Կապառոսը կարողացա՞վ ուշքի բերել հավաքականին։
— Ես ամենածանր հատվածում եմ գլխավորել հավաքականը, դա ճիշտ է։ Կարելի է ասել, որ ես անգամ չեմ գլխավորել, որովհետև չեմ կարծում, որ ես հավաքականում աշխատանք եմ կատարել։ Բոլորս հիշում ենք, թե ինչ իրավիճակում էր հավաքականը այդ օրերին, սակայն ցավոք քչերն են ճիշտ գնահատական տալիս։ Շատերի համար դա պատճառ դարձավ ինձ թիրախավորելու, բայց այդ ամենն անցյալում է, ու ես որևէ խնդիր չունեմ։
Կապառոսը 6 ամիս ժամանակ է ունեցել թիմին ծանոթանալու, նախապատրաստվելու, ծրագիր ունենալու համար։ Կապառոսի ժամանակ հստակ կար ֆուտբոլի ֆեդերացիա, ֆեդերացիայի ղեկավար, որոնք հրաշալի աշխատանք էին կատարում, իսկ իմ ժամանակում չկար ոչինչ։ Չեմ ուզում անդրադառնալ այդ հարցին։ Եթե հավաքականում կա լավ արդյունք, ուրեմն կա լավ աշխատանք։ Ու այստեղ խոսքը միայն մարզչական շտաբի լավ աշխատանքի մասին չէ, այլ նաև ղեկավարության։ Տվյալ դեպքում այդ աշխատանքը լավ է կատարում ֆուտբոլի ֆեդերացիան՝ Արմեն Մելիքբեկյանի գլխավորությամբ։ Վստահ եմ՝ հավաքականին ուժեղացրել են նաև նորեկները՝ Յուրչենկոն, Բայրամյանը, Անգուլոն, Ուդոն։
— Վստահ եմ՝ հավաքականից հեռանալուց հետո ձեզ համար հեշտ չի եղել։ Ի՞նչ կարող եք ասել այդ ժամանակահատվածի մասին։
— Հավաքականից հետո ինձ համար շատ ծանր, դեպրեսիոն շրջան էր։ Ես քաջ գիտակցում էի, որ այդտեղ մարզչական շտաբի կամ մարզչի խնդիր չկար, դա իրավիճակի խնդիր էր։ Բայց անկախ ամեն ինչից՝ ես իրոք շատ ծանր իրավիճակում եմ եղել ու շատ ծանր պահեր եմ ապրել իմ կյանքում։ Որքան ապրում ենք, պետք է սովորենք ու դրանից քաղենք միայն լավն ու շարժվենք առաջ, մենք իրավունք չունենք կանգ առնելու։
Այդ ընթացքում եղել է մեկ մարդ, ով միշտ եղել է իմ կողքին, ու ես միշտ տեսել եմ նրա աջակցությունը։ Իրականում զարմացած եմ եղել ու միևնույն ժամանակ հիացած նրա պահվածքից։ Այդ մարդը «Ուրարտուի» սեփականատեր Ջևան Չելոյանցն է։ Ես հարցրել եմ նրան, թե որն է եղել պատճառը այդ աջակցության։ Նա ինձ պատասխանել է, բայց այդ պատասխանը հնչեցնել չեմ կարող։ Ուզում եմ խորին շնորհակալություն հայտնել նրան այդ ամենի համար։
— Եվ վերջում մեկ հարց միջազգային ֆուտբոլից։ Կորոնավիրուսով պայմանավորված թիմերը խաղում են շատ խիտ գրաֆիկով։ Այսպիսի պայմաններում քիչ չեն վնասվածքները։ Ձեր կարծիքով՝ ի՞նչ պետք է անի մարզիչը, որպեսզի թե՛ թիմը լավ արդյունքներ ցույց տա, թե՛ ֆուտբոլիստները քիչ վնասվածք ստանան։
— Եթե թիմը գտնվում է լավ մարզումային վիճակում, ապա 3-4 օրը մեկ խաղալը դրական է։ Այլ բան է, եթե թիմը վատ մարզումային վիճակում է, չի կարողանում վերականգնվել։ Եթե թիմը սովոր է նման գրաֆիկի, ապա դա խոչընդոտ չէ։ Եկեք չմոռանանք նաև, որ մենք խոսում ենք երկրների մասին, որտեղ կան բոլոր հնարավորությունները, որպեսզի վերականգնողական աշխատանքները լինեն բարձր մակարդակի։ Ինչ վերաբերվում է կորոնավիրուսին, ապա կարող եմ նշել, որ շատ տխուր է դիտել ֆուտբոլը առանց երկրպագուների։ Ֆուտբոլը գեղեցիկ է երկրպագուներով, իսկ այսօր տեսնում ենք հակառակ պատկերը։
Արամ Սահակյան