72 կգ քաշային կարգում Հայաստանի չեմպիոն հռչակված Մալխաս Ամոյանը, որն առաջին անգամ էր մասնակցում Հայաստանի մեծահասակների առաջնությանը, լրագրողների հետ զրույցում խոսել է տպավորությունների ու առաջիկա անելիքների մասին.
«Առաջին անգամ էի մասնակցում մեծահասակների Հայաստանի առաջնությանը: Շատ լավ էի պատրաստվել, բայց հաղթանակն ինձ հեշտ չտրվեց` թե ՛ մինչև եզրափակիչ հասնելը, և թե ՛ եզրափակչում: Մրցակից ըմբիշներս շատ ուժեղ էին: Կողքից կարող է հեշտ թվալ, բայց իրականում բարդ տրվեց հաղթանակը:
Դեռ չեմ մտածում քաշս փոխելու մասին: Քաշ գցելը բարդ կլինի, քանի որ չեմ կարողանա լավ գոտեմարտել, իսկ բարձր քաշային կարգում գոտեմարտելու համար պետք է շատ ավելացնեմ»,- ասել է Մալխաս Ամոյանն ու ամփոփել 2019 թվականը.
«Մինչև մեծահասակներ աշխարհի առաջնությանը մասնակցելը, դարձա Եվրոպայի երիտասարդական առաջնության հաղթող: ԱԱ-ում ինձ անհաջող դրսևորեցի, հիմա աշխատում եմ սխալներս շտկելու ուղղությամբ, որպեսզի մեծահասակների հետագա մրցաշարերում կարողանամ ինձ ավելի դրսևորել ու արդարացնել բոլորի սպասելիքները»,- նշեց Մալխաս Ամոյանը: