Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի դարպասապահների մարզիչ Ռոման Բերեզովսկին թիմի հետ չի մեկնել Իտալիա։
Բերեզովսկին ՀՖՖ-ի պաշտոնական կայքի միջոցով պարզաբանել է, թե որն է իր՝ հավաքականի հետ Իտալիա չմեկնելու պատճառը։ Ռոմանը չի մեկնել ազգային թիմի հետ անձնական խնդիրների պատճառով։
«Հունաստանի հավաքականի հետ խաղից հետո ստիպված եղա շտապ կերպով մեկնել Ռուսաստան. որդիս առողջական որոշակի խնդիրներ ունի, և ես անպայման պետք է նրա կողքին լինեի: Հենց այդ պատճառով չկարողացա հավաքականի հետ մեկնել Իտալիա, ինչի համար շատ ցավում եմ:
Այդուհանդերձ, վերջին օրերին բազմաթիվ զանգեր և նամակներ ստացա, մեկնաբանություններ կարդացի, որոնցում նշվում էր, թե իմ՝ հավաքականի հետ չմեկնելու պատճառը նոր մարզչական շտաբի հետ որոշակի անհամաձայնությունը կամ կոնֆլիկտն է: Այդ կապակցությամբ ուզում եմ նշել, որ ինչպես անձնական, այնպես էլ գործնական շատ լավ հարաբերությունների մեջ եմ Աբրահամ Խաշմանյանի և մարզչական շտաբի մյուս անդամների հետ: Ինձ շատ է դուր գալիս Աբրահամ Խաշմանյանի աշխատելաոճը: Հետագայում ևս մեծ սիրով կաշխատեմ ազգային հավաքականի մարզչական շտաբում: Ափսոսում եմ, որ այժմ տղաների կողքին չեմ և հաջողություն եմ մաղթում Իտալիայի հավաքականի հետ խաղում»,-ասել է Բերեզովսկին։
Իտալիա — Հայաստան հանդիպումը կկայանա նոյեմբերի 18-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 23։45-ին։