«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան շարունակում է ստանալ ակումբի ղեկավարության աջակցությունը՝ չնայած 2019/20 մրցաշրջանի հիասթափեցնող արդյունքների:
Ըստ The Telegraph-ի, «Սիթին» մտադիր չէ հեռացնել 49-ամյա մասնագետին՝ չնայած Չեմպիոնների լիգայում «Լիոնից» կրած պարտությանը (1-3):
Ավելին, ակումբը ցանկանում է երկարաձգել պայմանագիրը Գվարդիոլայի հետ` անորոշությունից խուսափելու համար: Իսպանացու և «քաղաքաբնակների» միջև գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2021 թվականին:
Ըստ աղբյուրի՝ Չեմպիոնների լիգայից դուրս մնալը չի փոխի «Մանչեսթեր Սիթիի» տրանսֆերային ռազմավարությունը: Նախատեսվում է, որ թիմը ևս մի քանի ձեռքբերումներ կանի, իսկ որոշ խաղացողներ կհեռանան:
Գվարդիոլան «Սիթին» գլխավորում է 2016 թվականից: Թիմի հետ նա երկու անգամ հաղթել է Անգլիայի առաջնությունը, մեկ անգամ նվաճել ազգային գավաթը, ինչպես նաև երեք անգամ վերցրել է Անգլիայի Լիգայի գավաթը: