Հակոբ Տոնոյանի անվան Հայաստանի Սուպերգավաթի՝ «Նոա»-«Արարատ-Արմենիա» հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է ոչ-ոքի՝ 1-1 հաշվով ու խաղը տեղափոխվել է լրացուցիչ ժամանակ: Ի դեպ, «Նոան» միայն 90-րդ րոպեին խփած գոլի շնորհիվ է փրկվել պարտությունից:
Ավանի ակադեմիայի մարզադաշտում ընթացող խաղում «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստները հաշիվը բացել են 60-րդ րոպեին. Կամպանյայի ֆուտբոլիստները մրցակցի տուգանայինի մատույցներում խլել են գնդակն ու Օտուբանջոն այն հասցեագրել է կենտրոն, որտեղ Մայիլսոն Լիման է ընդունել գնդակն ու գրավել Վիմերկատիի պաշտպանած դարպասը: Այդուհանդերձ, խփած գոլից հետո «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստները չեն կարողացել տիրել նախաձեռնությանն ու պահպանել հաղթական հաշիվը:
Լարված վերջաբանի արդյունքում «Նոան» անկյունայինի խաղարկումից հետո կարողացել է հավասարեցնել հաշիվը. Դմիտրի Լավրիշչևն է մոտ տարածությունից գրավել դարպասը՝ 1-1:
Այսպիսով, թիմերը ևս 30 րոպե կանցկացնեն խաղադաշտում՝ փորձելով վճռել դիմակայության հաղթողին: